«ՔՅԱՎԱՌԻ ՓԱԽԼԱՎԱ»

«ՔՅԱՎԱՌԻ ՓԱԽԼԱՎԱ» - Անուշեղեն, որը դարձել է Գավառի (Քյավառի) յուրօրինակ այցեքարտը։ Այն սկզբում հայտին է եղել «Բայազետի փախլավա» անվանումով, քանի որ դրա պատրաստման տեխնոլոգիան ու ավանդույթն իր հետ բերել էր Արևմտյան Հայաստանի Բայազետից գաղթած բնակչությունը: Փախլավայի պատրաստման կարևոր բաղադրիչներից են հատուկ եղանակով մաքրված ու չորացրած առատ ընկույզը, ալպիական բնական մեղրը, հալեցված կարագից ստացված յուղն ու մանր կտորների բաժանված շաքարը: «Քյավառի փախլավան» պատրաստվում է խմորի 22-25 շերտերից, նախօրոք շեղանկյունաձև կտրվում է և թխելուց անմիջապես հետո՝ տաք վիճակում վրան լցվում է բնական մեղր: Փախլավան իր բաղադրության շնորհիվ երկար է պահպանվում` չկորցնելով համային և որակական հատկությունները: 2022 թվականի մարտի 24-ին, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ,  Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկը համալրել է նաև Քյավառի փախլավան: