Սուրբ Հռիփսիմեի եկեղեցի

Սուրբ Հռիփսիմեի եկեղեցի – Գտնվում է Հայաստանի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում: Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում է Հայաստան և քրիստոնեություն քարոզում: Այստեղ էլ հայոց Տրդատ Գ Մեծ  արքան է հալածանքների ենթարկում Հռիփսիմեին ու նրան հավատակից 32 կույսերին և սպանում է նրանց։ Քրիստոնեություն ընդունելուց հետո Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում կառուցում են վկայարան։ V դարում այն ավերում են պարսիկները, սակայն կաթողիկոս Սահակ Պարթևը կառուցում է նորը։ Վկայարանի վայրում Կոմիտաս Ա Աղցեցի  կաթողիկոսը 618 թվականին հիմնադրում  է Սուրբ Հռիփսիմեի եկեղեցին: