Քյավառի Քյուֆթա
ՔՅԱՎԱՌԻ ՔՅՈՒՖԹԱ - Հայկական ավանդական խոհանոցի ամենահայտնի կերակրատեսակներից մեկն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրա սահմաններից դուրս: Քյուֆթայի պատրաստման հիմնական տեխնոլոգիան բայազետցիները (քյավառցիները) ժառանգել են իրենց նախնիներից: Հին ժամանակներում քյուֆթան պատրաստել են սալաքարի վրա հատուկ փայտե մուրճով՝ թոխմախով ծեծված մսից։ Միսն այնքան էին ծեծում, մինչև դառնում էր միասեռ։ Մեր օրերում քյուֆթայի միսը ծեծում են մեքենայացված հատուկ կաթսաների մեջ, որտեղ թոխմախի դերը կատարում են դանակները։ Ասում են, որ լավագույն միսը, որից ստացվում է ամենահամեղ քյուֆթան, Գավառի տարածաշրջանի՝ ծովի մակարդակից շուրջ 2000 մետր բարձրության վրա գտնող արոտավայրերում կերակրվող խոշոր եղջերավոր անասունների, իսկ ավելի հստակ՝ երինջի միսն է: Ասում են նաև, որ Հայաստանի այլ վայրերից բերված անասունները պետք է որոշ ժամանակ կերակրվեն հիշյալ արոտավայրերում, որպեսզի միսը պիտանի դառնա քյուֆթայի համար: