Վանի (Ուրարտու) Թագավորություն
ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ - Հին Արևելքի հզորագույն պետություններից մեկը: Այն պատմական ասպարեզ իջավ Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա.9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորական աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։ Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Երկիրը հզորացրել է Սարդուրի Ա արքան, որը մ․թ․ա․ 830-ական թվականներին Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասնում Արգիշտի Ա արքայի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նրա որդի Սարդուրի Բ-ի գահակալումից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան: Թագավորությունը կործանվում է մ.թ.ա 585 թվականին՝ մարերի, բաբելացիների և սկյութների դեմ մղված պայքարում: