Նարեկավանքի Դպրոց

ՆԱՐԵԿԱՎԱՆՔԻ  ԴՊՐՈՑ – Միջնադարի հայկական դպրության օջախներից մեկն է, որը գործել է 10-րդ  դարի երկրորդ կեսին: Հիմնադիրն էր մանկավարժ, փիլիսոփա, աստվածաբան և եկեղեցական նշանավոր գործիչ Անանիա Նարեկացին:  Նարեկյան դպրոցի երևելի ներկայացուցիչներից մեկը Գրիգոր Նարեկացին էր՝Անանիա Նարեկացու աշակերտն էր: Ուսուցիչն ու աշակերտը շուրջ մեկուկես տասնամյակ համատեղ ստեղծագործական կյանք են ունեցել: Անանիա Նարեկացու մահից հետո նրան փոխարինել և վարդապետարանը գլխավորել է Գրիգոր Նարեկացին: Նարեկավանքի դպրոցը բանասիրական, մատենագրական հզոր կենտրոն է եղել: Նարեկյան դպրոցի գիտա-կրթական համակարգը համապատասխանում է միջնադարյան բարձրագույն դպրոցների մակարդակին: Այստեղ դասավանդվում էին «յոթ ազատ արվեստները»: Գրչության այս կենտրոնում կատարվել են Պատարագի և Ժամերգության մեկնության ընդօրինակություններ, գրվել են ձեռագրեր: Նարեկավանքն ավերվել է Մեծ եղեռնի ժամանակ: