Տաթևի Համալսարան

ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ - Հայ միջնադարյան դպրության և մշակույթի խոշորագույն օջախներից մեկը: Այն հիմնադրվել է Որոտնավանքի կրթարան վարդապետարանում և գործել է 1373-1435 թվականներին։ Բարձր առաջադիմություն և մեծ համբավ է ունեցել Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու ուսուցչապետության տարիներին՝ 1390-1410 թվականներին։ Համալսարանում գործել է երեք ֆակուլտետ՝ Փիլիսոփայական-աստվածաբանական, Գեղագրության և մանրանկարչության, Երաժշտության։ Դասավանդվում էին փիլիսոփայություն, կրոն, հայոց լեզու և քերականություն, գրականություն, պատմություն, ճարտասանություն, գրչարվեստ, մանրանկարչություն և գեղանկար, բնագիտություն և աստղաբաշխություն, մաթեմատիկա, ճարտարապետություն, երաժշտություն և երգեցողություն, ուսուցչություն և հասարակական գիտություններ, այլ առարկաներ։ Պատրաստվում էին նաև հոգևորականներ, աստվածաբաններ, ձեռագրերի արտագրության, ձևավորման և արտադրության մասնագետներ։ Համալսարանն ունեցել է հարուստ ձեռագրատուն-մատենադարան, որտեղ պահպանվել են 10 հազարից ավելի ձեռագիր գրքեր։ Տաթևի համալսարանում ուսումը, ինչպես և Գլաձորի համալսարանում, տևում էր 7-8 տարի։