Անիի Վարդապետարան
ԱՆԻԻ ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆ - Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում անվանի գիտնական, ուսուցչապետ Գրիգոր Մագիստրոսի կազմակերպած այս ճեմարանի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Հայտնի է, որ Անիի վարդապետարանը Հովհաննես Իմաստասերի շնորհիվ ծաղկում ապրեց 12-րդ դարում։ Նա համակարգեց վարդապետարանի ուսումնական ծրագրերը, կազմեց հանձնարարելի գրքերի ցանկը: Վարդապետարանում դասավանդում էին քերականություն, տրամաբանություն, ճարտասանություն, թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն, աստղագիտություն, ճարտարապետություն, պատմություն եւ օտար լեզուներ (լատիներեն, հունարեն, արաբերեն,պարսկերեն): Վարդապետարանի համբավը տարածված էր Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս: Այստեղ ուսանելու էին գալիս նաեւ արտերկրից: Ուսանողներն իրավունք ունեին օգտվելու վարդապետարան-ճեմարանի մատենադարանից եւ Անիի արքայական գրադարանից: